անգլերեն | ռուսերեն | հայերեն
Իրավունքներ

Երեխաների իրավունքները

Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996թ. մայիսի 29-ին Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ է մտել մայիսի 31-ին: Օրենքը բաղկացած է 34 հոդվածից: Ահա դրանցից մի քանիսը` համառոտ բովանդակությամբ

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 18 տարեկան անձանց վրա:

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, կրթությունից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմինները ստևծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք: Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու, իր, ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, առողջական վիճակին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին, բացառիկ դեպքերում` 15 տարին լրանալուց հետո: Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է երեխայի կողմից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքը, դրանց արտադրության և օգտագործման մեջ երեխայի ներգրավումը, ինչպես նաև այնպիսի աշխատանքի կատարումը, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորվելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը: Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունքը: Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատությունում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով: 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար մահապատիժ չի սահմանվում: Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

© Copyright 2006 to GAYANE KLEKCHYAN. All Rights Reserved.
Site developed and designed by Skatestudio